01/10/2024 14:37
Շատ եմ սիրում իրեն. ուզում եմ իրեն ամեն ձև օգնած լինեմ, որ մնա ջրի երեսին, որովհետև պետք է պատասխան տա. Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի մասին (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն «ընդամենը հավատացյալների ծառան է»։
«Նա պետք է մեզ օգնի՝ հաղորդակցվել Աստծո հետ, ինքը թագավոր չէ, ինքը Սուրբ Էջմիածինը չէ, ինքը սուրբ չէ, որևիցե մեկը սուրբ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ պետք չէ մարդուն, հավատը ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնականացնել։
ԱԺ նախագահը կարծում է, թե Բագրատ Սրբազանին Մայր Աթոռի վերաօծման օրը ներս չեն թողել։
«Ո՞ւր էր, իսկ կարո՞ղ է ներս չեն թողել»,- ասաց նա՝ շեշտելով, թե անհասկանալի է՝ այդ ո՞նց ստացվեց, որ ՀՀ իշխանությունը Մայր Աթոռում էր, իսկ Սրբազան պայքարի առաջնորդը՝ «պալատկի մեջ»։
Լրագրողները հիշեցրին, որ Բագրատ Սրբազանը ծոմապահության մեջ էր այդ օրերին, նա էլ ասաց. «Ինքը կարող է բեղ կամ մորուք պահել, բայց Մայր Տաճարի օծմանը չներկայանա՞լ, այդ ի՞նչ է։ Ես շատ եմ սիրում իրեն, ես շատ եմ ուզում, որ ինքը մնա փողոցում։ Ես ուզում եմ իրեն ամեն ձև օգնած լինեմ, որ մնա ջրի երեսին, որովհետև ինքը պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչն արեց մեր երկրի անվտանգության դեմ»։