01/10/2024 21:49
Չինաստանը ցանկանում է փոխել աշխարհակարգը․ Բլինքեն
Չինաստանը միակ երկիրն է, որը կարող է փոխել գոյություն ունեցող միջազգային համակարգը, այսպիսի գնահատական է տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Foreign Affairs ամսագրում հրապարակված իր հոդվածում։
Ըստ Բլինքենի՝ այս հանգմանքը հաշվի առնելով է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս իր պաշտոնավարման սկզբում ազդարարել, որ Վաշինգտոնը Պեկինին դիտարկում է «երկարաժամկետ հեռանկարում իր հիմնական ռազմավարական մրցակից»։
«Չինաստանը միակ երկիրն է, որն ունի ցանկություն և միջոցներ՝ փոխելու ներկայիս աշխարհակարգը։ ԱՄՆ նպատակաուղղված ջանքեր է գործադրում Չինաստանի «աճող ագրեսիային» հակազդելու, ինչպես նաև ամերիկյան ընկերություններին Չինաստանի «անարդար տնտեսական քաղաքականությունից» պաշտպանելու համար»,- գրել է Բլինքենը։
Նրա ձևակերպմամբ՝ ՆԱՏՕ-ի՝ 2022 թվականին ընդունված ռազմավարական հայեցակարգի շուրջ քննարկումների ժամանակ ԱՄՆ դաշնակիցները առաջին անգամ կենտրոնացել են այն «մարտահրավերների» վրա, որոնք Չինաստանը ներկայացնում է «անդրատլանտյան արժեքներին և անվտանգությանը»։ Ըստ Բլինքենի՝ Հարավարևելյան Ասիայում Վաշինգտոնի դաշնակիցները նույնպես պատասխան են փնտրում, թե որն է Պեկինի «ագրեսիվ վարքի» պատճառը Հարավչինական ծովում և Թայվանի նեղուցում։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Սի Ֆենը կոչ էր արել Վաշինգտոնին խուսափել երկկողմ հարաբերություններում ռազմավարական սխալ հաշվարկներից, վստահեցրել էր, որ Պեկինը չի ձգտում «փոխարինել Միացյալ Նահանգներին», ինչպես նաև «շահագրգռված չէ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ»։
Օրեր առաջ էլ Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ Չինաստանը դեմ է արտաքին ուժերի միջամտությանը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներքին գործերին և այնտեղ հակամարտություններ ու առճակատում հրահրելու նրանց փորձերին։