01/10/2024 11:55
Ստոլտենբերգը տասը տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տասը տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր աթոռը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։
Լիազորությունները հանձնելու պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետև Ռյուտեն իր առաջին մամուլի ասուլիսը կանցկացնի որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար: Նիդեռլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատի ժամկետը հինգ տարի է, այն կարող է երկարացվել։
Իր մանդատի ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ Ստոլտենբերգն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր գլխավոր ձեռքբերումը համարել է դաշինքի ամրապնդումը, իսկ ձախողումը և հիասթափությունը` զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։
«Ամենամեծ ձեռքբերումը ոչ միայն ինձ, այլև ՆԱՏՕ-ի համար այն է, որ մենք կարողացանք ամրապնդել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունը, ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ դարձնել: Աշխարհը տասը տարվա ընթացքում շատ ավելի վտանգավոր է դարձել, բայց ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ է դարձել», - ասել է գլխավոր քարտուղարը:
Ըստ POLITICO թերթի եվրոպական հրատարակության աղբյուրների՝ Յենս Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նոր նախագահը։
Ռյուտեն 57 տարեկան է։ Մինչև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը նա գրեթե 14 տարի զբաղեցրել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։