01/10/2024 12:07
ԵԱՏՄ-ում պետք է տեղի ունենա թվային փոխակերպում, պետական ծառայությունների աշխատանքը պետք է ամբողջական թվայնացվի. Փաշինյան
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ԵԱՏՄ-ում անդամ պետությունների թվային միջավայրի և թվային հաղորդակցությունների ներդրումը։
«ԵԱՏՄ-ում թվային փոխակերպումը ճկունության ձեռքբերումն է՝ անալոգայինից թվային տվյալներին անցնելու գործընթացում»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար նախևառաջ պետք է թվային ճարտարապետությունն ամրագրել երկու սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն։
«Թվային գործընթացները պետք է լինեն պրակտիկ, արդի և մարդկանց և բիզնեսի համար օգտակար։ Եթե դա չլինի, կստացվի, որ սա ոչ թե թվայնացում է, այլ իմիտացիա է, ինչն, իհարկե, անօգուտ է: Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական թվայնացում», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանությունների համար կենտրոնական տեղը գործընթացում զբաղեցնում է տվյալների պահպանման հուսալիությունը, ինչը թույլ կտա տարբեր կառավարական հաստատություններին հենվել միմյանց տվյալների վրա՝ առանց պատճենման անհրաժեշտության։
Այս միջոցով հնարավոր կլինի մաքսային և հարկային գործընթացներում կրճատել վարչարարությունը, ծախսերը և ապահովել բոլոր պահանջները։