01/10/2024 13:20
«Երիտասարդը, ով պահովել է մեր բոլորի խաղաղությունը, այսօր գնահատված չէ». Գեղամ Մանուկյանը խոստովանեց՝ ԱԺ-ում ՊՊԾ աշխատողներից մեկին տեսնելիս ամոթից գլուխը կախում է (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խոսեց ԱԺ-ում ծառայություն իրականացնող Պետական պահպանության ծառայության ծառայողներից մեկի մասին։
«ՊՊԾ ծառայողների գործողություններից երբեմն շատ դժգոհ ենք, բայց այդ ծառայողների թվում կա մի երիտասարդ, որը մասնակցել է 44-օրյա պատերազմին որպես զինծառայող, արժանացել է Արցախի նախագահի կողմից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, հերոսական մարտական ուղի է անցել, բայց, ի տարբերություն ՀՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» շքանշանակիրների, որոնք նաև նյութական ամենամսյա վճարում են ստանում, այդ երիտասարդը զրկված է դրանից, որովհետև ԱԺ-ում կառավարությունը բերեց օրենքի մի նախագիծ, որի համաձայն՝ «Մարտական խաչ»-ի շքանշանակիրների տարբերակում դրվեց, Արցախի նախագահի կողմից շքանշանի արժանացածները դուրս մնացին այդ ցանկից»,- ասաց նա։
Մանուկյանը խոստովանեց՝ ամեն անգամ, երբ հանդիպում է այդ երիտասարդին, ամոթից գլուխը կախում է։
«Նա, ով ապահովել է մեր բոլորի խաղաղությունը, պաշտպանել է հայրենիքի սահմանները, այսօր այնպես գնահատված չէ, ինչպես մյուսները»,- հավելեց պատգամավորը։