01/10/2024 13:57
Գնդակը շատ վաղուց ադրբեջանական դաշտում է, մենք սպասում ենք. քաղաքական կամքի պարագայում հենց այսօր էլ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի քաղաքական կամքի պարագայում հենց այսօր էլ կարող են կնքել խաղաղության պայմանագիր։
«Հայաստանը հետաքրքրված է խաղաղության պայմանագրի կնքմամբ, ու մենք աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ նրա՝ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա հենց այսօր համաձայնեցված կետերով կնքել պայմանագիրը։
ԱԺ նախագահն ասաց, թե շատ տարբեր պատճառներով Ադրբեջանը կարող է ձգձգել խաղաղության պայմանագիրը ստորագրելու գործընթացը։
«Անշնորհակալ գործ եմ համարում մեկնաբանել, որովհետև չեմ կարող ասել հիմնական պատճառը, եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարն ուզում է խաղաղություն տարածաշրջանում, ապա գնդակը շատ վաղուց գտնվում է ադրբեջանական դաշտում, մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, ոնց կկնքենք»,- ասաց նա։
Սիմոնյանն ասաց, թե տարբեր գործընկերներ հարթակներ են առաջարկում։ Դա, ըստ նրա, «մեսիջ է», որ միջազգային հանրությունը սպասում է։
«Ես ուզում եմ, որ ադրբեջանական կողմը մեզ ավելի շատ լսի ու ավելի շատ բան հասկանա, քան իրենք, միգուցե, ուզում են»,- նշեց Ալեն Սիմոնյանը։