02/10/2024 15:54
Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին». Ալիև
Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պետք է դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Անհետ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում-Խմբ.), սակայն «Հայաստանում ոչ մի հանցագործ պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է»։
Ալիևը կոչ է արել Հայաստանին հրաժարվել իր «ապակառուցողական դիրքերից և կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները»։