02/10/2024 16:55
ՆԳ նախարարի տեղակալները հետևել են քրեական ոստիկանների պետական ամփոփիչ ատեստավորմանը
Տեսական դասընթացներ, մասնագիտական պրակտիկա և ավարտական քննություններ․․․ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում է Քրեական ոստիկանության ապագա ծառայողների պետական ամփոփիչ ատեստավորումը։
Ատեստավորման գործընթացին են հետևել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Նրանք հետաքրքրվել են ատեստավորման անցկացման, ապագա քրեական ոստիկանների մասնագիտական պատրաստվածության և ուսումնառության արդյունավետության մասին։
ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի խոսքով՝ «Կրթական գործընթացը կազմակերպվել է այն տրամաբանությամբ, որ թիրախային եղել են հատկապես Քրեական ոստիկանության համար անհրաժեշտ մոդուլներ։ Պետք է կարևորել այն հանգամանքը, որ ուսումնական պրոցեսը զուտ տեսական գործընթացի, տեսական ուսուցման վրա հիմնված չի եղել, ուսումնական գործընթացի ժամանակահատվածի մեկ քառորդ մասը տրամադրվել է պրակտիկ հմտությունների բարելավմանը»:
Ապագա ծառայողները պրակտիկայի ընթացքում քրեական հետախուզության ստորաբաժանումներում ամրապնդել են տեսական գիտելիքները՝ ներգրավվելով օպերատիվ-հետախուզական տարբեր միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։
Ամփոփիչ ատեստավորման 583 մասնակիցներից Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում ծառայության կանցնեն միայն փուլը բարեհաջող հաղթահարածները։
Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ: