02/10/2024 20:52
Գիտենք, որ այս խամաճիկը բոլորիդ ձեռնտու է, բայց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման վայր չէ, մեզ համար գոյություն ունի մեկ շահ՝ Հայոց շահը․ Բագրատ Սրբազանը՝ միջազգային հանրությանը
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսք ուղղեց միջազգային հանրությանը․
«Մեզ համար լրիվ հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում։ Բոլոր երկրներն էլ իրենց հաշվարկները, ցանկություններն ունեն։
Մեզ համար ոչ միայն հասկանելի է ձեր լռությունը, այլև մեր ուղերձն է ձեզ՝ բոլոր, բոլոր կողմերին, որ Հայաստանի Հանրապետությունը գործելու է միայն և միայն հայկակա՛ն շահով, ի՛ր օրակարգով։
Ես գիտեմ, որ այս խամաճիկը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) ձեզ բոլորիդ ձեռնտու է՝ այս պատից այն պատին խփելու, այս գրկից այն գիրկ ցատկելու համար և այդպես շարունակ։ Բայց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման վայր չէ՛ և չի՛ կարող լինել։
Դաշնակիցներ՝ այո, բարեկամներ՝ այո, ընկերներ և փոխգործակցություն՝ այո, երկարատև, կայուն, արդարության հիմքով խաղաղություն՝ այո։ Կարո՞ղ եք նպաստել՝ նպաստեք։ Եթե ոչ, մենք հստակ ասում ենք՝ մեզ համար գոյություն ունի մեկ շահ․ դա Հայոց շահն է, Հայաստանի Հանրապետության շահն է և հայկական օրակարգն է՝ անկախ նրանից՝ մենք մեկ հոգի ենք, թե հարյուր հազարավորներ, անկախ նրանից՝ դա ձեր քիմքին հաճելի է, թե ոչ, բայց ձեր առջև կանգնած է լինելու իր պետությանն ու հայրենիքին ամուր փարված հայ մարդը, որը հարգել գիտի, բայց միևնույն ժամանակ՝ գիտի պայքարել, և այդ պայքարի համար ոչինչ չխնայել»։