03/10/2024 11:59
Քանի դեռ մենք չունենք «Խաղաղության պայմանագիր», պատերազմի ռիսկերի մասին չպետք է մոռանալ. Հովհաննիսյան
ՀՀ վարչապետը, որպես պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար, կարող է տիրապետել այնպիսի ինֆորմացիաների, որոնց մի մասը կարող են դառնալ քրեական վարույթներ, որոշները՝ ոչ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե չեն բացառվում հնարավոր ռազմական գործողությունները՝ իշխանական պատգամավորը նշեց, որ պատերազմի վտանգի վերացման մասին որևէ մեկը չի հայտարարել.«Որևէ մեկը չի ասել, որ պատերազմի վտանգ չկա, բոլոր ռիսկերը վերացված են։ Քանի դեռ մենք չունենք «Խաղաղության պայմանագիր», այդ ռիկսերի մասին չպետք է մոռանալ, դրանց մասին պետք է խոսել։
«Խաղաղության պայմանագրին» վարչապետը երեկ մի քանի անգամ անդրադարձավ։ «Խաղաղության պայմանագրի» դրույթների հանրայնացումն այս պահին անհնար է, քանի որ գտնվում ենք բանակցությունների փուլում և կա ռեժիմ։ Ընդդիմության բարձրացրած մի շարք հարցադիմումներ բնավ չեն բխում իրականությունից։ Մենք մեր հանրության հետ կիսվել ենք բոլոր հնարավոր տեղեկություններով»,-հավելեց նա։