03/10/2024 12:19
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը վստահեցնում է՝ խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում։
«Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե վարչապետի, թե ԱԳ նախարարի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Կոստանյանի խոսքով՝ այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, Հայաստանը կարծում է, որ առնվազն բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։
Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում Հայաստանի այս տարբերակին, պատճառը ՀՀ Սահմանադրությո՞ւնն է՝ ԱԳ փոխնախարարն ընդգծեց՝ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են։
«Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, ըստ էության, արդեն իսկ պատասխան հնչել է, սահմանազատման կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշեց Կոստանյանը։