03/10/2024 11:54
Թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին․ Իրանի ԱԳ նախարար
Իրանական կողմը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է իրանական SNN գործակալությունը։
«Մեր հրթիռների ավելի քան 90 տոկոսը հասել է թիրախներին, չեն որսացել։ Մենք արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա», - ասել է նա։
Արաղչին նշել է, որ իրենց գործողությունները լիովին պաշտպանողական են եղել և պատասխան են հանդիսացել իրանական հողում սիոնիստների ահաբեկչական գործողություններին․ «Մենք շնորհակալություն ենք հայտնում զինված ուժերին՝ իրենց խիզախ գործողությունների համար, նրանք համապատասխան պատասխան են տվել սիոնիստներին»,- ասել է նա։