03/10/2024 15:27
Ասեք՝ ինչ կարող ենք մենք անել Ադրբեջանի համար, և մենք ամեն ինչ կանենք, այդպես եղել է մինչ այս ու լինելու է հետագայում. Լուկաշենկոն՝ Ադրբեջանի վարչապետին
Բելառուսն ու Ադրբեջանը բարեկամություն չեն անում երրորդ երկրների դեմ, այլ անում են իրենց գործը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենոկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Չնայած միջազգային ասպարեզում տարբեր շրջադարձերին՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում Դուք և իմ շատ մտերիմ ընկեր և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք, որ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Մենք միջազգային իրավունքի ոչ մի նորմ չենք խախտում, երրորդ երկրների դեմ բարեկամություն չենք անում, մեր գործն անում ենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նշել է, որ երկու երկրները միջազգային հարթակներում փոխադարձաբար աջակցում են միմյանց և շարունակելու են աջակցել։ «Մեր հարաբերությունները միջպետական և անձնական հարաբերությունների լավ միահյուսում են, դա նպաստում է այն մակարդակին, որ ունենք հարաբերություններում։ Ասեք՝ ինչ կարող ենք մենք անել Ադրբեջանի համար, և մենք ամեն ինչ կանենք։ Այդպես եղել է մինչ այս ու լինելու է հետագայում։ Համոզված եմ, որ Ադրբեջանն էլ մեզ համար կանի ամենը, ինչ հնարավոր է, քանի որ այդպես եղել է միշտ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։