03/10/2024 17:32
ՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվում
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ներդաշնակեցվում է ԵՄ օրենսդրության հետ։ Այդ մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունից ենք տեղեկանում։
Մասնավորապես, նշված է հետևյալը․
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։
«Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է առաջավոր պրակտիկաների հետ ավելի սերտ ինտեգրման համար և լանածավալ օգուտներ կապահովի երկրի զարգացման և գլոբալ շուկաներում ինտեգրման առումով»,-իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահը:
Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը կարևորել է սպառողների պաշտպանության միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը և լավագույն փորձի ուսումնասիրությունը ինչպես իրավական դաշտի լավարկման, այնպես էլ կիրարկման արդյունավետ մեխանիզմների և գործիքների ներդրման առումով»: