03/10/2024 11:33
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։
«Նշածս հոդվածի 1-ին մասով նախատեսված են այն հանցանքները, որոնք ենթակա են քննության մասնավոր մեղադրանքի վարույթով, դրանք 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի 1-ին մասով որակավորման դեպքում գույքային վնասի չափով պայմանավորված կամ արարքի ծանրացնող հանգամանքների բացակայությամբ պայմանավորված՝ վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ՝ առանց միջդատական վարույթի անմիջականորեն դատարանի կողմից մասնավոր մեղադրանքի վարույթով»,- ասաց նա։
Ներկայումս այդ հանցանքների վերաբերյալ վարույթները չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ քրեական դատավարության օրնսգրքում առկա են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո։
Մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից, հետևաբար, մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է ու քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում՝ սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է լիարժեք կյանքի կոչել։