04/10/2024 16:15
Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա․ Դանիել Իոաննիսյան
Տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք չեն կարող հետ գնալ, քանի որ հայատյացությունը Ադրբեջանում լայն տարածում ունի։ Անզեն քնած հային սպանելը հերոսություն է համարվում։ Այդ 100 հազար մարդկանցից ոչ մեկն անգամ չի փորձել գնալ իր տուն՝ վերցնելու իր թողած ունեցվածքը, Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի ժամանակ այս մասին ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ադրբեջանական կառավարության կողմից ձևավորված որոշ ՀԿ-ներ խոսում են էթնիկ ադրբեջանցիների մասին, որոնք լքել են Հայաստանը 30 տարի առաջ, բայց նրանք լռում են էթնիկ հայերի մասին, որոնք այդ օրերին լքել են Ադրբեջանը: Նրանք նշել են, որ Ադրբեջանում հազարավոր հայեր են ապրում, բայց դա բացարձակապես ճիշտ չէ։
Զավեշտալի է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարություններ են անում, որոնք հակասում են իրենց պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին։ Իրենց պաշտոնական կայքում գտա, որ 35 տարի առաջ Ադրբեջանում բնակվող կես միլիոն հայերից այժմ մնացել են ընդամենը 200-ը։ Ոչ թե 200 հազարը, այլ ընդամենը 200-ը:
Եվ դա Ադրբեջանում ապրող հայերի ջարդերի արդյունքն է։ Մասնավորապես, 1988 թվականին Սումգայիթում և 1990 թվականին Բաքվում։ Հայաստանում ադրբեջանցիների հետ նման բան երբեք չի եղել։
Իհարկե, ես կցանկանայի տեսնել այնպիսի միջավայր, որտեղ էթնիկ հայերը Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից և Ադրբեջանի այլ շրջաններից, էթնիկ ադրբեջանցիները Հայաստանից և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կարող են վերադառնալ իրենց տները կամ, գոնե, տեր կանգնել իրենց ունեցվածքին, այցելել իրենց ընտանիքի անդամների գերեզմանները։
Բայց դրա համար Ադրբեջանը պետք է դադարեցնի պետականորեն աջակցել հայատյացությանը, Ադրբեջանը պետք է հանդես գա որպես իրական խաղաղասեր և Ադրբեջանը պետք է սկսի հարգել մարդու իրավունքները։
Բայց դա այն չէ, ինչ նրանք ուզում են անել: Նրանք փորձում են կոնտեքստից հանել 35 տարի առաջ Հայաստանը լքած էթնիկ ադրբեջանցիների հարցը, որպեսզի հող ստեղծեն Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար, որն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»»,- նշել է Իոաննիսյանը։