04/10/2024 15:35
Փորձում են քողարկել Հայաստանին տված խոստումների կրկնվող ձախողումները. ԵՄ-ում սուտ են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։
Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի մեկնաբանությունները նոնսենս են։ «Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում իբր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն օգնելու համար։ Նա հայտարարել է, որ «ամերիկացիներն ու եվրոպացիները շահագրգռված չեն Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ։ «Երևանին մղելով Բաքվի հետ բանակցությունները ձգձգելուն՝ Արևմուտքը փորձում է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ական»,- հայտարարել է Բորտնիկովը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։