04/10/2024 16:48
Դատարանը մերժել է Փարսյանի եղբորը կալանավորելու միջնորդությունը
«Հրապարակ»-ն այսօր տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրը՝ Հովհաննես Փարսյանը: Նա Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ուսանող է, ըստ մեղադրանքի, չի հաճախել դասերին, սակայն գնահատականներ է ստացել` կաշառքի դիմաց։ Այդ և մի քանի այլ մեղադրանքների հիման վրա, հիշեցնենք, կալանավորված է մասնաճյուղի ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը: Հարցաքննության հրավիրված երկու ուսանողների երեկ ձերբակալել էին։ Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը որպես խափան միջոց կիրառելու համար։
Սակայն Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել։ Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցի տեղեկությունը հաստատել են։ Դատարանը մերժել է Հովհաննես Փարսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
«Այս պահին կարող ենք միայն ասել, որ դատարանը միջնորդությունը մերժել է, և Հովհաննես Փարսյանը ազատ է արձակվել»,-ասել են Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ «Հրապարակ»-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ իր եղբայրը նորմալ հաճախում է դասերին։