05/10/2024 20:16
Բացահայտելով ներդրումային աշխարհը. «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկը ներկայացնում է իր MyInvest ներդրումային հարթակը (Լուսանկարներ)
Ամերիաբանկը «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով։ Այն միակ հարթակն է ՀՀ ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։
Բանկը Digitec-ի իր տաղավարում այցելուներին օգնում է բացահայտել լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ, և սա անում է փորձությունների միջոցով՝ 6 փորձություն՝ գոլֆից մինչև VR ակնոց։ Իսկ բոլոր փորձությունները հաջողությամբ անցնելու պարագայում այցելուները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։
Արտյոմ Հակոբյանը Ամերիաբանկի տաղավարի այցելուներից էր և փորձում էր բացահայտել`արդյոք լավ ներդրող դառնալու համար ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները։
«Ճիշտն ասած՝ այդքան էլ պատկերացում չունեմ մեծ ընկերությունից բաժնետոմս ստանալու դեպքում ինչ է ինձ սպասվում, բայց հենց Ամերիաբանկի փորձառու մասնագետներն էլ կտան խորհրդատվություն, թե ինչ կարող ենք անել այդ բաժնետոմսերով, նաև կօգնեն ինքներս ներդում կատարելու առաջին պորտֆելը կազմելու հարցում»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմը և հույս հայտնեց, որ գուցե հենց այս այստեղից էլ կսկսի իր առաջին ներդրումային քայլը մեծ ֆինանսների աշխարհում։
ԴիջիԹեքի շրջանակում լրագրողների հետ զրույցում Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը նշեց, որ MyInvest ներդրումային թվային հարթակը հասանելիություն է ապահովում 30-ից ավելի շուկաների և 25 հազարից ավելի ներդրումային գործիքների՝ սկսած պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր և ներդրումային ֆոնդեր։
Բանախոսը նշում է, որ բանկի հաճախորդներին շատ հարմար է MyInvest-ից օգտվել հենց MyAmeria հավելվածում․ «Բանկային և բրոքերային հաշիվների միջև շարժը բավականին ազատ է, և ոչ աշխատանքային ժամերին հաճախորդները կարողանում են փոխանցումներ անել այդ հաշիվների միջև և առևտուր անել միջազգային շուկաների աշխատանքային ժամերին, որոնք Հայաստանում աշխատանքային ժամեր չեն»։
Դիանա Հակոբյանը շեշտեց, որ հարթակը շատ մեծ հետաքրքրություն է վայելում հաճախորդների մոտ․ «Անցյալ տարի մեր բրոքերային հաճախորդների քանակը եռապատկվել էր, այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով արդեն իսկ կրկնապատկել ենք նախորդ տարվա ցուցանիշը, մինչև տարեվերջ ակնկալում ենք եռապատկել ցուցանիշը»։
Նա տեղեկացրեց, որ ԴիջիԹեքի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում բացառիկ հնարավորություն են ստանում. «Տրամադրում ենք անվճար խորհրդատվություն մասնագիտացված բրոքերների թիմի կողմից, ովքեր օգնում են հատկապես սկսնակ բրոքերներին իրենց ներդումային ճանապարհը սկսել ու սահուն անցնել։ Նաև մեր մասնագետները վարում են ներդրումային կրթական բլոգ, որն այսօր շուկայում ունի ամենամեծ բաժանորդների քանակը, որտեղ կիսվում են շուկայի տեղական և միջազգային նորություններով»։
Ամերիաբանկի բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանը նշեց, որ MyInvest-ն ունիվերսալ հարթակ է, և միակն է Հայաստանում, որ իր մեջ ներառում է թե՛ հայկական շուկան, թե միջազգային շուկան․ «Հաճախորդները կարող են գործարքներ անել թե՛ հայկական հայտնի ընկերությունների արժեթղթերով, որոնք ցուցարկված են մեր բորսայում, թե՛ միջազգային հայտնի բորսաների, ինչպես օրինակ Microsoft-ի, Apple-ի. բոլոր հայտնի ընկերությունները մեր հարթակում հասանելի են»։
Արտուշ Ենգիբարյանը հավելեց, որ Ամերիաբանկը մեծ աշխատանք է իրականացնում ներդրումների մշակույթը Հայաստանում տարածելու համար։
«Իրականում ներդրումներն ավելի արդյունավետ կառավարելու համար բավական շատ հնարավորություններ են առկա։ Մենք այս մասին հաճախ ենք խոսում, կրթական տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, վարում ենք բլոգ, որ բնակչությունը կրթվի և մտնի ներդրումների աշխարհ, սկսի ներդրումներով զբաղվել»,-ասաց նա։
Նշենք, որ ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվում է Digi/Invest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են: Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը համաժողովի շրջանակում մասնակցել է «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը: