05/10/2024 16:26
47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանից ու գրել․
«Այսօր՝ հոկտեմբերի 5-ին նշվում է Դիլիջանի օրը։ Այդ նպատակով մեծ համերգ է կազմակերպվելու, ելույթ են ունենալու Իվետա Մուկուչյանը, Սևակ Ամրոյանը, լինելու են դիջեյներ, համույթներ։ Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանին որոշել է 2024 թ. հոկտեմբերի 5-ին Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար հատկացնել 18 միլիոն 360 հազար 600 դրամ, որը համարժեք է մոտ 47 հազար դոլարին։
Դիլիջան քաղաքի շատ փողոցներ փոսառատ, քարուքանդ են, բանուկ Սայաթ-Նովա փողոցն ընդհանրապես մայթեր չունի, հետիոտները հայտնվում են ավտոմեքենաների առաջ, Դիլիջանում շատ են աղբակույտերը, քաղաքի բազմաբնակարան բազում շենքեր կոյուղու համակարգի անսարքության պատճառով վատթար վիճակում են, բազմահարկ շենքերից մեկը սպառնալից կերպով թեքված է, իսկ Դիլիջանի համայնքապետարանը ու ավագանին 47 հազար դոլարին համարժեք գումար են հատկացրել Դիլիջանի 480-ամյակը նշելու համար։
Լուսանկարում պատկերված փողոցը քաղաքի ամենակենտրոնում է, հայտնի «Միմինո» արձանախմբին հարակից տարածքում։
Նշենք, որ այսօր Դիլիջանի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ծավալուն շնորհավորակաան ուղերձ էր հրապարակել Դիլիջանի հիմնադրման օրվա կապակցությամբ, որում նշել էր․ «Մեր նպատակը պարզ է՝ ունենալ ժամանակակից, բարեկեցիկ և նոր նվաճումներ գրանցող քաղաք»։ Համայնքի ՔՊ-ական ղեկավարը «մտածել էր» նաև ապագայի մասին ու ուղերձում գրել էր նաև․ «Ինձ համար կարևոր է, թե ինչպիսի քաղաք ենք մենք ժառանգելու մեր հաջորդներին»։