05/10/2024 15:51
ՆԳՆ-ում ԱՄՆ գործընկերների հետ քննարկել են կիբեռանվտանգության ոլորտի հարցերը
Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։
Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբեռանվտանգության բարձր ստանդարտների ապահովման կարևորությունը։
Կիբեռհարձակումների ռիսկերը գնահատելիս նա կարևորել է նաև խորհրդատվական տարբեր միջոցառումներով պետական մարմինների պաշտպանվածության բարձրացումը։
Կիբեռհանցավորության դեմ պայքարում նա կարևորել է իրավապահ համակարգի գործիքների ընդլայնումը, նաև կրիպտոակտիվների շրջանառության կանոնակարգումն ու հանրության լայն իրազեկումը՝ ներկայացնելով ՆԳՆ օրենսդրական նախաձեռնության մանրամասներ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջենիֆեր Բեչըսը ներկայացրել է ԱՄՆ կիբեռտիրույթի և թվային քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև «Թվային համերաշխություն» կոնցեպտի վերաբերյալ մանրամասներ։ Արդի տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ավագ փոխտեղակալը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը։
Քննարկվել են նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետության, կիբեռանվտանգության ոլորտում կադրային քաղաքականության և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։