07/10/2024 12:57
Մասիսի ոստիկաններն ու պարեկները կանխել են տերմինալից գողության փորձը
Հոկտեմբերի 6-ի լուսադեմին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս տանող ճանապարհին վճարային տերմինալ են քանդում:
Նշված վայր ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու պարեկային կարգախումբը նկատել են, որ Մասիս-Չարբախ ճանապարհին՝ Նորաբաց գյուղի հատվածում, երկու տղամարդ մուրճով և լինգով փորձում են բացել վճարային տերմինալը:
«Տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ նրանք «Կիա» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի, սակայն ոստիկանության ծառայողները հետապնդել, բռնել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել են ոստիկանության Մասիսի բաժին:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք Երևան քաղաքի Արարատյան փողոցի շինություններից մեկի դռան երկաթյա փականը կոտրել ու գողացել են վճարային տերմինալը:
Էջմիածին քաղաքի բնակիչ 36 և 37 տարեկան տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում: