07/10/2024 13:08
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. տեղի ունեցածի հաշիվն ո՞վ է փակելու, ո՞վ է պատասխանը տալու. Դավիթ Հարությունյան
Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանին թույլ չեն տվել մուտք գործել ԲԴԽ՝ մասնակցելու իր վերաբերյալ նիստին:
ԲԴԽ-ից պատճառաբանել են` նիստը դռնփակ է:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց` ԲԴԽ-ն խուսափում է արձանագրել, որ նիստը դռնփակ է, մինչդեռ, ընթացակարգերի վերաբերյալ չկա որևէ հստակություն, հնարավոր չէ կանխորոշել, թե ինչ ընթացակարգեր են կիրառվում։
«Տեսեք, Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, ավել բան չեմ ուզում ասել, դրանից հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը, խնդիրը հետևյալն է` այս ամբողջ տեղի ունեցածի հաշիվն ո՞վ է փակելու, ո՞վ է պատասխանը տալու»,- նշեց Հարությունյանը:
Հիշեցնենք` դատավոր Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ գործը՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով արձանագրվել է ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումը։
Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր Արդարադատության նախարարությունն` ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասով։
Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։
Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։
Խախտված իրավունքները վերականգնելու համար դատավորը դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատը քննվում է առաջնահերթության կարգով։ Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։