08/10/2024 18:19
Ռուս սահմանապահները կհեռանա՞ն Հայաստան-Իրան սահմանից․ Փաշինյանի խոսնակը սոցցանցում գրառում է արել՝ «ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ։ Բաղդասարյանը գրել է հետևյալը․
«Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների և բառապաշարի վերաբերյալ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։
Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։
Համաձայնություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»։