08/10/2024 16:38
Գևորգ Պապոյանը և Գերմանիայի դեսպանը անդրադարձել են տնտեսության դիվերսիֆիկացիային
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին և Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ Կլաուդիա Բուշի գործունեությունը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը։
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև առկա ծրագրերի կատարման ընթացքի, երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերի, տևական և կայուն տնտեսական զարգացման հեռանկարների մասին։
Անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացիային, գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին, շրջակա միջավայրի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ՓՄՁ-ներին աջակցության և մի շարք այլ թեմաների: