09/10/2024 13:37
Մատենադարանը տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար․ Վասիլիս Մարագոս
Մշակութային ժառանգությունը մարդկության հիշողության մեջ պահելու և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում չափազանց արժեքավոր է ձեռագիր և տպագիր ժառանգության նշանակությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիսի Մարագոսը Մատենադարանում մեկնարկած «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարի ժամանակ ունեցած ելույթում։
«Այսօրվա սեմինարի դերը ոչ միայն նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու հարթակ է, այլև քննարկելու՝ թե ինչ անել հիմա, որպեսզի առավել գրավիչ դարձնենք ձեռագիր և տպագիր ժառանգության ոլորտը երիտասարդների, ինչպես նաև հետազոտողների և վերականգնողների հաջորդ սերնդի համար: Մատենադարանն աշխարհում այն ուրույն հաստատությունն է, որտեղ պահվում են ձեռագրերի հարուստ հավաքածուներ և կուռ փորձագիտական ներուժ։ Այն տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար, քանի որ մշակույթն ու մշակութային ժառանգությունը մարդկության գանձերն են, որոնց սահմաններն ազգային պատկանելությունից անդին են»,- ասել է Մարագոսը:
ՀՀ-ում ԵՄ դեսպանը հավելել է, որ Եվրոպական միությունն իր «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին և կշարունակի համագործակցել այս կարևոր կառույցի հետ՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված կայուն ջանքերը, որի կենսական բաղադրիչն, անշուշտ, տպագիր ժառանգությունն է։ Մարագոսի հավաստմամբ՝ ԵՄ-ի համար պատիվ է որպես գործընկեր համագործակցել աշխարհի տարբեր անկյուններից ոլորտի առաջատար փորձագետներ համախմբող այս կարևոր սեմինարի հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։