09/10/2024 21:40
Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում քննարկել են արցախցիների իրավունքներին վերաբերող հարցեր
Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 8-ին Փարիզում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ:
Հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի, Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի, սենատոր Վալերի Բուայեի և այլ օրենսդիրների հետ:
Հանդիպումներին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցները Արցախում և Հայաստանում։
Քննարկվել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի անհրաժեշտությունը։ Շեշտվել է, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:
Քննարկվել են նաև արցախցիների նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, արցախցիների վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմներին վերաբերող հարցեր՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան,2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը:
Ապացույցներով ներկայացվել են մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները (ունեզրկումներ, եկամուտ վաստակելու անհնարինություն, խմելու ջրից զրկելու փաստեր, կենդանական և բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն):
Քննակվող հարցերից են եղել նաև հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությամբ, նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու ադրբեջանական հետագա հանցանքները:
Հանդիպումների ավարտին պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի պատգամավորներին և սենատորներին աջակցության համար: