09/10/2024 19:04
«Գիտեմ՝ ինչ դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները»․ Մարալ Նաջարյան
Մարալ Նաջարյանը, ով 120 օր մնացել էր ադրբեջանական գերության մեջ՝ ապրել մի ամբողջ ողբերգություն, ադրբեջանական կողմի գործադրած դաժանության պայմաններում նույնիսկ փորձել գնալ ինքնասպանության, 168.am-ի հետ զրույցում ասել է՝ որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է՝ այդ օրերը չի կարող մոռանալ։
«Հոգեբանների ու հոգեբույժների հետ աշխատեցի՝ գրեթե մեկ տարի, հետո արդեն կարողացա ինքնուրույն ինձ հետ աշխատանք տանեմ՝ վերականգնվելու համար։
Արտաքին տեսքս վերականգնվել է, հետքերն արտաքինիս չեն, ներսումս են, դրսից ամեն ինչ հանգիստ է։ Այն օրերը, որոնք անցկացրեցի Բաքվի բանտում, դրանք իմ մեջ կմնան»,- ասել է Մարալ Նաջարյանը։
Նա անդրադարձել է նաև Բաաաքվում ապօրինաբար պահվող հայ մյուս գերիների խնդրին․
«Ես չեմ կարող ասել, թե այսօր Ադրբեջանն ինչպես է վարվում Բաքվում պահվող հայ գերիների հետ։ Վարվեցողության մեթոդները տարբեր են, նայած, թե ինչի համար են տվյալ անձին գերեվարել ու ինչ մեղադրանք են առաջադրել։ Հիմա ես չեմ կարող ասել, թե ինչ վիճակում ու ինչ պայմաններում են պահվում մեր գերիները, յուրաքանչյուրին տարբեր տեղերում ու տարբեր պայմաններում են պահում»։
Սեփական մաշկի վրա զգալով գերության 120 դաժան օրերը, Մարալ Նաջարյանը Բաքվի բանտերում գտնվող պատանդների, գերիների ընտանիքներին, հարազատներին միայն հորդորում է՝ աղոթել, որպեսզի մի օր նրանք էլ հայտնվեն ազատության մեջ։
«Գիտեմ՝ ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները, ուզում եմ բոլորս նրանց ազատության համար աղոթենք»,- ասել է Մարալ Նաջարյանը։
Մարալ Նաջարյանի հետ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը մինչև այս պահը գտնվում է ադրբեջանական գերության մեջ, Բաքվի դատարանը նրան 20 տարվա ազատազրկման է դատապարտել՝մեղադրելով, իբր թե նա գումարի դիմաց Արցախում կռվել է Ադրբեջանի դեմ։ Վիգեն Էուլջեքյանը նույնիսկ հացադուլ էր սկսել Բաքվի բանտում, որը դադարեցրել էր միայն ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցից հետո։
Այս պահին Բաքվում պատանդի կարգավիճակում պահվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում