09/10/2024 09:52
«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում նոր կռվի թիրախ է հայտնվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նոր կռվի թիրախ է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ականները կուլիսային խոսակցություններում դժգոհում են, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը, փաստացի, թանգարաններում կամ մշակութային այլ վայրերում լուրջ դեմքով շրջելուց և Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը դակելուց զատ՝ որևէ այլ գործառույթ չի կատարում: ՔՊ-ականներին զայրացրել է Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի այս մտերմությունը:
Ինչպես իշխանականներն են վրդովված պատմում մասնավոր զրույցներում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ հրապարակային, առանձին հանդիպումներ է ունենում նախագահի հետ, նրա հետ կարևոր հարցեր քննարկում, հաճախ նաև խորհրդատվության համար է դիմում Խաչատուրյանին, սակայն իր հարազատ խմբակցությանը վերաբերվում է որպես հավաքական անկարողների: Կարճ ասած՝ ակնհայտ ցույց է տալիս թիմակիցներին, որ որքան էլ դժգոհեն Խաչատուրյանից, միևնույնն է՝ չի հեռացնելու նրան:
ՔՊ-ականները այս մտերմությունը պայմանավորում են նրանով, որ Վահագն Խաչատուրյանը, թեև թղթով իշխող կուսակցության անդամ չէ, բայց ողնուծուծով ՔՊ-ական է, ու Փաշինյանի ասածը նրա համար սուրբ օրենք է, որից շեղվել չի կարելի:
Վահագն Խաչատուրյանը երկրում կատարվող կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ չունի սեփական տեսակետը, շարժվում է այնպես, ինչպես Փաշինյանը կասի, և առանց երկմտելու ու բովանդակության մեջ խորանալու՝ դակում է կառավարությունից իրեն ուղարկված ցանկացած փաստաթուղթ՝ կլինի դա նոր նշանակում, պաշտոնանկություն թե միջազգային որևէ կարևոր փաստաթուղթ:
ՔՊ-ականները Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի այս մերձեցումը պայմանավորում են նաև նրանով, որ վերջինս միանգամից երես թեքեց իր նախկին թիմից՝ ՀԱԿ-ից, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից և հոգով-սրտով նվիրվեց Նիկոլ Փաշինյանին»։