10/10/2024 09:44
«Ժողովուրդ». Ո՞վ է Կոմիտասի շուկան սեփականաշնորհող արտոնյալ գործարարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարեսկզբին, երբ կրկին Կոմիտասի շուկայի վաճառականներին ստիպեցին լքել շուկայի տարածքը, մամուլը գրեց, որ սեփականաշնորհող ընկերությունը GTB Holdings ՍՊԸ-ն է։ Իսկ ո՞վ է այդ արտոնյալ գործարարը: Շուկայի վաճառականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելիս պնդում էին, որ շենքի տարածքում բնակելի շենք է կառուցվելու, իսկ իրենք իրենց հանապազօրյա հացը չեն կարողանալու վաստակել: Այսինքն՝ շարքային բնակիչը տուժելու է, իսկ խոշոր գործարարի բիզնեսը՝ զարգանալու:
Իսկ ո՞վ է խոշոր գործարարը, որի կարիքներն ու բիզնես նկրտումները ՀՀ քաղաքացու շահերից բարձր են դասել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները:
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներց պարզեց, որ GTB Holdings ՍՊԸ-ն հիմնադրվել է 12.07.2022 թվականին: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է, ներառում է հետևյալ կազմակերպությունները՝ «ԳՏԲ Անհաղթ» ՍՊԸ-ն, «Յունիոն սերվիս» ՍՊԸ-ն , «ՋԻ ԹԻ ԲԻ Սթիլ» ՍՊԸ-ն և «ՋԻ ԹԻ Բի Բիլդ» ՍՊԸ-ն: Ընկերությունները տարբեր շինարարական և կառուցապատման նախագծեր են ներկայացնում. Երևանում այսպիսիք են, օրինակ, Դավիթ Անհաղթ 25 հասցեում կառուցվող նոր և ինքնատիպ բազմաբնակարան շենքն ու հայտնի Կոմիտասի շուկայի ետնամասում կառուցվելիք բազմապրոֆիլ ու բազմաբնակարան շենքը, ինչպես նաև կազմակերպությունների նախագծերից է Երասխի կրակոցներից փրկված-տեղափոխված ամրանների գործարանը:
Իսկ ովքեր են GTB Holdings ՍՊԸ-ի սեփականատերերը. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։
Նոնո Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Նոնո Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում Կոմիտասի շուկայի աշխատակիցներին. սակայն չհաջողվեց, մեր հաղորդագրությունները մնացին անպատասխան։ Հավելենք, որ Նոնո Սարգսյանի ամուսինը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ խոշոր գործարար, որը անգամ դիվանագիտական անձնագրով ոչ վաղ անցյալում ազատ ելումուտ էր անում»։