11/10/2024 16:55
Մահթումկուլի Ֆրագին այն մշակութային հարստացնողներից է, ովքեր ծնվում են դարաշրջանը մեկ անգամ․ Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովին և հանդես է եկել ելույթով:
«Մեծագույն պատիվ է մասնակցել այս բարձր մակարդակի միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է ի հիշատակ թուրքմեն ժողովրդի հպարտության՝ վաստակաշատ բանաստեղծ ու մտածող, թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակի:
Նրա անզուգական ներդրումն անջնջելի հետք է թողել տարածաշրջանի մշակութային և մտավոր ժառանգության մեջ, մասնավորապես Թուրքմենստանի գրական և ազգային ինքնության վրա, և այն շարունակում է ոգեշնչել սերունդներին աշխարհի տարբեր անկյուններում:
Հիրավի, կան այնպիսի անհատներ, ովքեր իրենց խորը էությամբ և նվիրումով այնքան են միաձուլվում իրենց ժողովրդի մշակութային ԴՆԹ-ի հետ, որ իրենք էլ դառնում են երկրի քաղաքակրթական կոդի անբաժանելի մասնիկը: Իսկ Մահթումկուլի Ֆրագին, իհարկե, այն մշակութային հարստացնողներից է, ովքեր ծնվում են դարաշրջանը մեկ անգամ:
Մահթումկուլիի պոեզիան հանդիսանում է մարտահրավերների, համարձակ հավակնությունների և հարատև հաղթանակների բացահայտ վկայություն, որոնք սահմանում են թուրքմեն ժողովրդի պատմական և մշակութային պատմությունը: Համամարդկային արժեքների ջատագով և մարդասեր Մահթումկուլի Ֆրագիի ուղերձները շարունակում են արդի մնալ մինչ օրս։
Հայերը քաջածանոթ են նրա ստեղծագործություններին, ինչը մեզ հնարավորություն է տալիս նկատելու բազմաթիվ նրբերանգային զուգահեռներ նրա գրական ավանդների և հայ գրականության պատմության հարուստ գոբելենի միջև։
Տեղին է հիշատակել Սայաթ-Նովայի հարուստ և նրբագեղ գրական ժառանգությունը, որի երաժշտա-բանաստեղծական ժառանգությունը ծառայում է որպես մշակութային փարոս հայախոս աշխարհի համար, ճիշտ այնպես, ինչպես Մահթումկուլիի ստեղծագործությունները՝ թուրքմեն ժողովրդի համար։
Թեև երկու բանաստեղծներն էլ խորանում են համընդհանուր թեմաների մեջ, ինչպիսիք են սերն ու կորուստը, նվիրումը և ինքնությունը, նրանք խորապես լուսավորում են մարդկային փորձառության հարստությունն ու բազմազանությունը:
Մահթումկուլին ընդլայնել է ազգային գրականության հայեցակարգը՝ ընդգծելով մարդասիրությունը, որը կապում է մեզ բոլորիս: Նա անդրադարձել է մարդկային փորձառության տարբեր ասպեկտներին՝ միաժամանակ ընդգծելով մեզ միավորող ընդհանրությունները:
Այս իմաստով, այս հիշարժան առիթը կարող է դիտվել նաև որպես դասական գրականության վերագնահատման առանցքային ջանք՝ ազգերի միջև բովանդակալից կապեր հաստատելու, փոխադարձ հարգանք զարգացնելու և խթանելու ազգային գրականությունը համաշխարհային ժառանգության ավելի լայն շրջանակում ինտեգրելու հրամայականի խորը ըմբռնումը:
Եվս մեկ բան, որ կցանկանայի նշել, այն է, որ Մահթումկուլին կարողացավ ներկայացնել իր խորը փիլիսոփայական մտքերի շնորհները՝ դրանք յուրովի մատուցելով։ Մահթումկուլիի բանաստեղծությունները կարդալիս կարելի է զգալ «թուրքմենական այգիների ստվերն ու զովությունը»:
Մահթումկուլի Ֆրագիի պոեզիան իր բնույթով խաղաղասիրական է, և իր ստեղծագործություններում խաղաղության ուղերձ է հղում աշխարհի բոլոր ժողովուրդներին: Մահթումկուլիի պոեզիան լավագույնս կարելի է նկարագրել իր իսկ խոսքերով՝ «Արևից ավելի պայծառ և լուսնից ավելի մաքուր»: Հատկապես հետաքրքիր է, որ Մահթումկուլին հիշեցնում է իր ընթերցողներին «Օրհնված է բարերարը, որովհետև բարի գործերը տարածվում են աշխարհով»: Այստեղ կարող ենք տեսնել, որ հեղինակը հասարակության բարօրությունը կապում է յուրաքանչյուր անհատի հոգու բարօրության հետ:
Մարդկությունը պետք է լսի և ուշիմ լինի այս ուղերձին, որն արձագանքում է դարերի խորքից ավելի քան երբևէ, երբ մենք բախվում ենք աննախադեպ մարտահրավերների, նոր սպառնալիքների և համաշխարհային մասշտաբի մարտահրավերների:
Ինձ համար առանձնահատուկ ուրախություն է հայտնել, որ վաղը Թուրքմենստանի մայրաքաղաքում կներկայացվի Մահթումկուլի Ֆրագիի ընտրյալ ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը։
Եզրափակելով՝ ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Թուրքմենստանի հարգարժան նախագահին՝ այս կարևոր համաժողովին իր սիրալիր հրավերի, կառուցողական երկխոսության և ապագա համագործակցության նոր վայր ստեղծելու համար»: