11/10/2024 16:37
ՀՀ-ի համար հարազատ է մեր տաջիկ ընկերների վերաբերմունքը Սահմանադրության տեքստում ամրագրված հիմնարար սկզբունքների անձեռնմխելիության նկատմամբ. Սիմոնյան
«Մեծարգո՛ Ռուստամի Էմոմալի,
Մեծարգո՛ Մահմադթոիր Զոքիրզոդա,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովի կապակցությամբ եւ ցանկանում եմ շնորհավորել մեր հարգարժան տաջիկ գործընկերներին Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի առիթով:
Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է գտնվել Տաջիկստանի հյուրընկալ հողում:
Սահմանադրությունը կոչվում է հիմնարար օրենք, քանի որ վերջինս միակ կամ այն սակավաթիվ օրենքներից է, որոնք սովորաբար ընդունվում են համազգային քվեարկությամբ:
Ժամանակակից աշխարհում, որը նշանավորվում է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններով, տեխնոլոգիական եւ թվային վերափոխումներով, սոցիալ-տնտեսական փոփոխություններով, մարտահրավերներով եւ փորձություններով, փոխվում է նաեւ հասարակական հարաբերությունների դինամիկան, եւ այս համատեքստում խորհրդարանը՝ որպես պետության օրենսդիր եւ ներկայացուցչական մարմին, առանցքային դեր է խաղում:
Սահմանադրական մշակույթի ձեւավորումն ու զարգացումն ուղղակիորեն կապված են իրավական պետության կառուցման, կայացման եւ ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը ոչ միայն Սահմանադրության տեքստի իմացությունն է, այլեւ հարգանքը Սահմանադրության մեջ պարունակվող դրույթների եւ գաղափարների նկատմամբ, նրա պաշտպանությունն ու հրամայականների իրականացումը:
Գործընկերնե՛ր,
Նշեմ, որ հայ իրավական միտքը գալիս է հին ժամանակներից: Մասնավորապես, 12-րդ դարում Մխիթար Գոշը ստեղծեց հիմնարար աշխարհիկ օրենքների օրենսգիրքը: Խորհրդարանական կառավարման գաղափարը հայ իրականության մեջ ծագել է 18-րդ դարի վերջին, երբ հայ մտածող Շահամիր Շահամիրյանն իր «Որոգայթ փառաց» լրագրողական աշխատության մեջ առաջին անգամ ձեւակերպել է սահմանադրական հանրապետության եւ խորհրդարանական համակարգի հիմնարար սկզբունքները:
1860 թվականին Կոստանդնուպոլսում Հայ ազգային ընդհանուր ժողովն ընդունեց Ազգային Սահմանադրությունը, մի օրենք, որը կարգավորում է արեւմտահայության ներքին կյանքը:
Քաղաքացիների վերաբերմունքը երկրի հիմնական օրենքին լակմուսի թուղթ է՝ գնահատելու ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, ունիտար պետության ձեւավորման մակարդակը, որտեղ ճանաչվում, հարգվում ու պաշտպանվում են մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում անհրաժեշտ է նշել Տաջիկստանի ժողովրդի եւ կառավարության նուրբ վերաբերմունքն իրենց Սահմանադրությանը:
Հայաստանի Հանրապետության համար հարազատ եւ հասկանալի է մեր տաջիկ ընկերների վերաբերմունքը Սահմանադրության տեքստում ամրագրված այնպիսի հիմնարար սկզբունքների անձեռնմխելիության նկատմամբ, ինչպիսիք են հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա՝ սերտորեն կապված վստահության, հարգանքի եւ փոխադարձ աջակցության կապերով:
Խորհրդարանների միջոցով ուղղակի երկխոսության ակտիվացումը շատ լավ հնարավորություններ է բացում մեր համագործակցությունը խորացնելու եւ համատեղ գործունեության նոր հեռանկարային ուղղությունների միջոցով ընդլայնելու համար:
Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, որոնք ամրագրված են նաեւ Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ 2002 թվականի ապրիլի 3-ի Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրում, ունեն զգալի չիրացված պաշար:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության եւ Միջազգային միջխորհրդարանական համաժողովի կազմակերպման համար:
Շնորհակալություն ուշադրության համար:»։
Մանրամասները՝ տեսանյութում։