12/10/2024 16:47
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. ՀՀ նախագահ (Արմենպրես)
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու կողմերն էլ ունեն այն ընկալումը, որ երկրների հարաբերությունների համար նոր փուլ է հասունանում, որը ժամանակային առումով հեռու չէ։
Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Ես այստեղ (խմբ-Աշխաբադում) հանդիպեցի Թուրքիայի ազգային ժողովի խոսնակի հետ (խմբ-Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ): Տեղի ունեցավ շատ կարճ շփում, հնարավորությունն այդքան էր, նա էլ էր շտապում, քանի որ մեկ օրվա ընթացքում եկավ և գնաց, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,-մանրամասնել է Հայաստանի նախագահը՝ կարևորելով այն, որ տարբեր մակարդակներում կողմերի միջև խոսակցության թեման նույնն է, և այդ առումով երկու կողմերից էլ իշխանության տարբեր թևերի միջև տարակարծություններ չկան:
ՀՀ նախագահի դիտարկմամբ՝ այդ պետական քաղաքականության մեջ բոլորի մոտ առկա է այն ընկալումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են մտնում, որը ժամանակային առումով հեռու չէ:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը քննարկելու համար:
«Սա խոսում է այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. դա վերաբերում է և′ սահմանների բացմանը, և′ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասել է Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ այժմ օրակարգում դրված է շատ ավելի կարճ ժամանակում իրականանալի խնդիր՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը բացելու հետ։
ՀՀ նախագահի գնահատմամբ՝ վերոնշյալ հարցի շուրջ արդեն իսկ առկա համաձայնությունների իրականացումը ևս մեծ առաջընթաց կլինի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։