12/10/2024 19:42
ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման գործընթացը. մեկնարկել է AI Conf 2024-ը
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 12-ին մեկնարկել է «Krisp» ընկերության կողմից կազմակեպված AI Conf 2024-ը, որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ մեծ ռեսուրսներ գեներացնելով, դրանք ճիշտ, արդյունավետ կիրառելով թռիչքային աճ ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար։
«Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, նոր կրթական ծրագրեր, նոր ենթակառուցվածքներ, ԱԲ սուպերհամակարգչային կենտրոններ, գիտահետազոտական խմբեր, որոնք կենտրոնացված են լինելու հենց ԱԲ գործիքներով բարդ լուծումներ գեներացնելու ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածն ունեն այս ընկալումն, ինչը լավատեսություն է ներշնչում»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ հանրային կառավարման ռեֆորմների, թվային փոխակերպման քաղաքականության մեջ ԱԲ գործիքների ներդրումն ու կիրառումը գալիս է ավելի որակյալ դարձնելու կառավարությունների որոշումները, խնայելու ժամանակ, ապահովելու կանխատեսելի լուծումներ և արդյունավետ կառավարում։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Krisp»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, ընդգծել, որ ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիան Է աշխարհում և այն մարդիկ, կազմակերպությունները և կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել ԱԲ-ն՝ շատ ավելի առաջ կգնան, ավելի մրցակցային կլինեն։
«Այստեղ ներկա են տարբեր ոլորտների՝ կառավարության, ուսումնական հաստատությունների, ֆինանսական, այլ ներկայացուցիչներ, և մեր հիմնական նպատակն է հասկանալու, թե ինչպես է ԱԲ-ն ազդում բոլորի գործունեության, մեր կյանքի վրա և արդյոք մենք կկարողանանք այս մեծ հնարավորությունը ճիշտ օգտագործել»,- կարևորելով միջոցառման անցկացումը՝ ասել է Դավիթ Բաղդասարյանը։
Ներկաներին ողջունել է նաև Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Հայկ Եսայանը։
Միջոցառման պաշտոնական արարողությունից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել է համաժողովի շրջանակում անցկացվող էքսպոյի տարածքով, ծանոթացել ներկայացված ընկերություններին, քննարկել հնարավոր համագործակցության տարբերակներ։
AI Conf Armenia-ն, որն իրականացվում է 2022 թվականից, արհեստական բանականության (ԱԲ) թեմայով Հայաստանի ամենամեծ համաժողովն է, որի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի նորարարությունը, կրթությունը` ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես ԱԲ նորարարությունների առաջատար:
Համաժողովի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն ԱԲ նորագույն միտումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ԱԲ նախագծերն ու հետազոտությունները։
Ելույթ կունենան ոլորտի առաջատար փորձագետներ, կիրառական հետազոտողների կողմից կանցկացվեն սեմինարներ, գործնական դասընթացներ, պանելային քննարկումներ «ԱԲ հեղափոխություն», «ԱԲ-ն կրթությունում», «ԱԲ-ն ՖինԹեք-ում», մի շարք այլ թեմաներով։
Համաժողովին մասնակցում են խոսնակներ այնպիսի հեղինակավոր ընկերություններից և կրթական հաստատություններից, ինչպիսիք են՝ Krisp-ը, Ucraft-ը, PicsArt-ը, PMI Science-ը, Team Telecom Armenia-ն և այլն։