14/10/2024 13:10
Գինին ավելին է, քան պարզապես խմիչք. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։
Գևորգ Պապոյանը կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։
«Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց, մշակույթներն և տնտեսությունները: Մենք մեծապես գնահատում ենք Խաղողի և գինու միջազգային կազմակերպության կենսական աշխատանքը վերջին 100 տարիների ընթացքում գինեգործական երկրների միավորման, ոլորտի կարգավորման և զարգացման խթանման գործում», - նշել է Գևորգ Պապոյանը:
Իր ելույթում նախարարն անդրադարձել է Հայաստանում խաղողագործության և գինեգործության հնագույն ավանդույթներին և հարուստ ժառանգությանը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից որպես տնտեսության գերակա ճյուղ ճանաչված հայկական խաղողագործությունը ներկայում վերածնունդ է ապրում։ Ոգեշնչված հազարամյա ավանդույթներով և դրանք համադրելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ Հայաստանում արտադրվում են միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ գինիներ։
Գևորգ Պապոյանն ու Արման Խոջոյանը մասնակցել են նաև Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության գլխավոր գրասենյակի՝ Դիժոն տեղափոխման պաշտոնական արարողությանը։