14/10/2024 12:28
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում․ հիմա էլ տնօրենի հարցն է (Տեսանյութ)
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում։ Այս անգամ էլ փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ինչին դեմ են ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը:
Դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց գործող տնօերնը չի կարող շարունակել պաշտոնավարել, քանի որ վարչական կազմի տարիքային խումբը սահմանափակում ունի։
«Միայն դա է պատճառը։ Անահիտ Վլադիմիրովնան տարիների վաստակ ունի, այս դպրոցում մեծ աշխատանք է տարվել հենց նրա շնորհիվ։ Առաջին դպրոցն ենք եղել, որ ներառական կրթություն ենք իրականացրել։ Սակայն ֆեյսբուքյան լուրերից իմացել եմ, որ ուրիշ թեկնածու են ուզում մեզ առաջարկել՝ տնօրենի պաշտոնի համար։ Ինչ-որ մի բան մարդիկ սկսել են անել, որ մեր մոտ ժամանակավոր պաշտոնակատար գա դպրոցին անծանոթ օտար մարդ: Ցավը նրանում է, որ մենք ունենք մեր թեկնածուն, այնպես չէ, որ մենք չունենք ու կարիքն ունենք օտարի»,-նշեց նա։
Ուսուցչուհին շեշտեց, որ իրենց թեկնածուն ամբողջովին համապատասխանում է բոլոր ստանդարտներին՝ տնօրենի ԺՊ դառնալու համար.«Ինչո՞ւ պետք է գա օտար մարդ, եթե մենք ունենք մեր թեկնածուն։ 70-ից ավելի կոլեկտիվ ունենք, ինչո՞ւ պետք է օտարը գա, մեզ մոտ չկա՞ արժանի թեկնածու, որ ԺՊ-ի տեղը զբաղեցնի»։