15/10/2024 14:46
Նախորդ տարի գրանցված հանցագործությունների թիվը 2019-ի համեմատ աճել է շուրջ 51 տոկոսով. Աննա Վարդապետյան
Հայաստանում 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատությամբ աճել է 13 816-ով կամ 51.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:
«2019-2024 թվականների ընթացքում մեր հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշները հետևյալն են՝ 2019 թվականին ՝ 26 850, 2020 թվականին՝ 26 468, 2021 թվականին՝ 30 245, 2022 թվականին՝ 37 612, 2023 թվականին՝ 40 666, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՝ 24 567: 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատությամբ աճել է 13 816-ով կամ 51.4 տոկոսով»,-ասել է դատախազը:
Նա նշել է թվային ցուցանիշի աճի օրենսդրական պատճառների մասին, որոնց շարքում են Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, որով վարույթ նախաձեռնելու շեմն իջեցվել է և նախկինում նյութերի նախապատրաստման փուլով ավարտվող դեպքերը ներկայում հաշվառվում են որպես հանցագործության մասին հաղորդում, հանկարծամահությունների քրեականացումը, որոնք 2003 թվականի օրենսգրքով որպես հանցագործություն չէին հաշվառվում։
Վարդապետյանի խոսքով՝ արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող:
«2019-2023 թվականների ընթացքում թեև արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2 տոկոս), վերջիններիս տեսակարար կշիռն ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7 տոկոսով»,-նշել է նա:
Վարդապետյանի խոսքով՝ 2024 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5 տոկոսով:
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (առանց հանկարծամահությունների հաշվառման) 2023 թվականին կազմել է 546՝ 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2 տոկոսով: