15/10/2024 09:58
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանին մեղադրանք կառաջադրվի՞
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը. սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ։
Հիմա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմանը, միգուցե դատախազն էլ իր հերթին սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգին, որպեսզի մտնի ԱԺ և Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի և մեղադրանք առաջադրի նաև կաշառք պահանջողի կամ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերող անձի նկատմամբ:
Այս աղմկահարույց գործով «Ժողովուրդ» օրաթերթին առավել ուշագրավ հանգամանքներ հայտնի դարձան. մասնավորապես, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Աղազարյանին։ Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, և հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե՝ «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնաք, կավելացնեք նոր կգաք»։
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունների վերաբերյալ զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: