16/10/2024 14:56
Մեկնաբանություն չեմ տալիս. Վահագն Ալեքսանյանը՝ Արգիշտի Քյարամյանի պահվածքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխնախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փակագծեր չի բացում՝ արդյոք կուսակցության Վարչության նիստի ժամանակ քննության կառնեն ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վարքագիծը՝ Ազգային ժողովում։
Aysor.am-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց, թե վարչության նիստերից հետո իրենք հաղորդագրություն տարածում են՝ հայտնելով, թե ինչ հարցեր են քննարկել։
«Իսկ ի՞նչ գնահատական կտաք Քյարամյանի երեկվա պահվածքին»,- հետաքրքրվեցինք Ալեքսանյանից։
«Մեկնաբանություն չեմ տալիս»,- ի պատասխան՝ ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում սկանդալ էր եղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։
Աղազարյանը Քյարամյանին դիմել էր «արա»-ով, ՔԿ նախագահն էլ արձագանքել էր՝ «ոտքից գլուխ արա ես»։
Կրքերը հանդարտվել էին միայն այն ժամանակ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Քյարամյանին հեռացրել էր Հովիկ Աղազարյանից։
Մինչ այդ էլ, Արգիշտի Քյարամյանը ռեպլիկ էր լսել իր հասցեին նիստերի դահլիճից։ Չէր ճանաչել, թե ով է ռեպլիկի հեղինակը, միայն ասել էր՝ «բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր, ձեր մասին է խոսքը, կողքերդ մի նայի»։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ՔՊ-ականները քննարկելու են Քյարամյանի վարքագիծը և չի բացառվում, որ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք անեն։