16/10/2024 21:57
Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ, մեկը` կին. Նարկոլոգ («Սպուտնիկ Արմենիա»)
2024 թվականի ընթացքում Հայաստանում թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան դիմել է նարկոլոգ, Rehab.am կլինիկայի գլխավոր բժիշկ, հոգեբույժ Ալեքսանդր Մանուկյանի օգնությանը, նրանցից մեկը` կին։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Մանուկյանը։
Խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասել էր, որ Հայաստանում այս տարի 47 ոստիկան հեռացվել է համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով։ Դա բացահայտվել է ոստիկանությունում ընթացող ատեստավորման գործընթացի ժամանակ. ատեստավորման պարտադիր պահանջներից մեկը թմրանյութերի թեստ հանձնելն է:
«Ինձ դիմած ոստիկանները եղել են թմրանյութի մշտական օգտագործման փուլում։ Նրանք դիմել են ոչ թե բուժման նպատակով, այլ միայն օրգանիզմը մաքրելու համար, որպեսզի ատեստավորման համար անհրաժեշտ թեստը կարողանան հանձնել»,- նշել է Մանուկյանը` ավելացնելով, որ ոստիկանների շրջանում թմրանյութերի օգտագործումը նոր բան չէ, միշտ էլ եղել է։
Ուժային այլ կառույցների նեկայացուցիչներ նրան չեն դիմել։
«Երևի միայն ոստիկաններին են ստուգում` թմրանյութի օգտագործում են, թե չէ, դրա համար էլ միայն նրանք են ինձ դիմում»,– նշել է նարկոլոգը։
Ըստ նրա, սովորաբար, իր օգնությանը դիմել են մարիխուանայի խմբի թմրանյութեր օգտագործած ոստիկանները։
Նարկոլոգի խոսքով` մարիխունայի, կանեփի նյութերն առավել դանդաղ են դուրս գալիս օրգանիզմից։
«Նույնիսկ մեկ անգամ օգտագործելիս այս նյութերը կարող են մինչև 24-30 օր մնալ մարդու մեզի մեջ, արդյունքում անալիզի արդյունքները դրական կլինեն»,- ասել է Մանուկյանը։
Թմրանյութերի կախվածությունից հնարավոր է մեկընդմիշտ ազատվել, եթե, ըստ մասնագետի` անձն ունենա կամքի ուժ և վճռականություն, մոտիվացիա, աշխատի հոգեբանի հետ, ինչպես նաև այցելի ռեաբիլիտացիոն կենտրոններ։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում