16/10/2024 21:00
«Երևանն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ, քաղաքի բյուջեն ուղղակի մսխում են». Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու կոչերով իշխանության եկած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», թաթախված է կոռուպցիայի մեջ, Երևան քաղաքի բյուջեն ուղղակի մսխվում է։
«Երևան քաղաքն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ, և դա վերաբերում է քաղաքի կառավարման բոլոր ոլորտներին, որոնք առնչվում են հասարակության տարբեր շերտերին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում շեշտել է Մանուկյանը։
Որպես ցցուն օրինակ՝ նա առանձնացրել է հասարակական տրանսպորտի ոլորտում առաջացած խնդիրները, երբ, օրինակ, նույն քաղաքապետարանի պաշտոնական թվերով՝ ամեն օր տրանսպորտից պետք է օգտվեր 600.000 մարդ և հավաքագրվեր օրական 600.000 մարդու 100 դրամ, մինչդեռ ներկայացվում է ընդամենը 300.000 քաղաքացու վճարած 100 դրամ, իսկ դա նշանակում է, որ օրական միայն հանրային տրանսպորտից կորում է 30 միլիոն դրամ։
«Կամ մեկ այլ օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի շենքում թևածում է միտքը, որ թանկ գնված ավտբուսների սպասարկումն իրականացնում է մի ընկերություն, որը կապված է նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի հետ։ Հիմա այդ ընկերությունն ահազանգում է, թե իր դեմ ռեկետ են իրականացնում, որպեսզի ավտոբուսների սպասարկելու գործառույթն այս տարվա հունվարից տրվի այլ ընկերության, որն էլ, շուտով կբացահայտվի, թե ում է փոխկապակցված»,- ասել է Մեսրոպ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հսկայական գումարների մսխում է տեղի ունենում նաև կարմիր կետագծերի թանկացման արդյունքում ձևավորված բյուջեից։
Ըստ Մանուկյանի՝ թեև այս տարվա 8 ամսվա ընթացքում կարմիր կետագծերից հավաքագրվել է 600 միլիոն դրամ տուրք, սակայն դա չի բերել կենտրոնի բեռնաթափմանը։
«Իրենք գումարներն ուղղակի մսխում են․ նույն ճանապարհը երկու-երեք անգամ ասֆալտ են անում. մեկ կառավարությունն է ասֆալտ փռում, հետո նույն տեղն ասֆալտապատում է Երևանի քաղաքապետարանը»,- ասել է Մանուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ Երևանի ավագանու իշխանական խմբակցությունը բյուջեի փողերը մսխում է նաև տարատեսակ գործուղումների վրա. օրինակ՝ Տիգրան Ավինյանը ստորագրել է արտասահմանյան գործուղման 41 որոշում, գործուղման ուղարկել 95 հոգու։