16/10/2024 09:35
«Հրապարակ». ՀՀ-ն մտադի՞ր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևն օրերս հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի հետ «պայմանական սահմանին», սրում է իրավիճակը․ «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։
Մեզ չհաջողվեց լուրը պաշտոնապես ճշտել, քանի որ ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ դիտորդական առաքելությունից որևէ հարցի պատասխան ստանալ հնարավոր չէ։ Նշենք, որ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ին՝ 2 տարի ժամկետով, 2025-ի փետրվարին լրանում է նրանց ժամկետը, և եթե ՀՀ իշխանությունները երկարաձգման դիմում չներկայացնեն, ապա առաքելությունը կավարտվի։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ թերևս սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ քայլ առաջ ընկնելով, հայ-իրանական սահմանից հանեց ռուս սահմանապահներին, որ երբ դիտորդների ժամկետը չերկարաձգվի, իրեն չմեղադրեն ռուսամետության մեջ»։