16/10/2024 13:52
Երբ իշխանությունը պնդում է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, նման է նրան, որ ասում են՝ Հայաստանն այսօր ինքնիշխան է, քան երբևէ. Սաթիկ Սեյրանյան
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։
1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Այն հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել պարբերականի 18 համար։ Ի հիշատակ այդ օրվան՝ 2004թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 16-ը նշել որպես Հայկական մամուլի օր:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի գնահատմամբ՝ այսօրվա Հայաստանում մամուլը պայքարում է «ֆեյք նյուզի» դեմ, որի տարածողը իշխանությունն է։
Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ երբ իշխանությունը պնդում է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, նման է նրան, որ ասում են՝ Հայաստանն այսօր ինքնիշխան է, քան երբևէ, Հայաստանն անկախ է, քան երբևէ։
«Բնականաբար, մամուլը իր վրա չի կարող չկրել հանրային, պետական կյանքի բոլոր արատավոր երևույթների ազդեցությունը՝ և՛ մարտահրավերները, և՛ վտանգները։ 2018 թվականից մինչև հիմա մենք աշխատում ենք նույն հարձակումների ներքո, մեր լրագրողներն առաջնագծում են՝ և՛ սխալներով, և՛ բացթողումներով ու տարբեր ներքին խնդիրներով հանդերձ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Ըստ նրա՝ լրատվամիջոցներին իշխանությունները չեն սիրում, պետք էլ չէ, որ սիրեն։
«Բայց ժամանակին, երբ հրապարակումներ էին լինում, մենք տեսնում էինք հետևանքները։ Իհարկե, բոլոր իշխանությունների օրոք մամուլը դժվար ճանապարհ է անցել, տարանջատումը միշտ եղել է, բայց հիմա՝ առավել քան։ Ու ամենակարևոր հանգամանքը, որ ուզում եմ նշել՝ առաջ, երբ հրապարակում էր լինում այս կամ այն պաշտոնյայի կոռուպցիոն դեպքերի մասին, վարքի, պահվածքի մասին, հետևանք էր լինում։ Եվ եթե պատգամավորը վատ վարք էր թույլ տվել լրագրողի, լրատվամիջոցի նկատմամբ, ներողություն էր խնդրում, նույնիսկ ներողություն են խնդրել մարդիկ, որոնցից չէին սպասի։ Օրինակ՝ Մհեր Սեդրակյանը ներողություն խնդրեց լրագրող Մհեր Արշակյանից։ Բայց այսօրվա իշխանությանը սա չի մտահոգում։ Իրենք իշխանություն են ու համարում են, որ ամեն ինչ կարող են իրենց թույլ տալ, ամեն ինչ կարող են անել ու մնալ անպատիժ՝ պիտակավորել, թիրախավորել լրագրողներին, ինչը որևէ հետևանք չի ունենում»,- նշեց Ժուռնալիստների միության նախագահը։
Նրա խոսքով՝ սա կոնկրետ ծրագիր է այս իշխանությունների կողմից, որոնք ամեն ինչ անում են, որ հեղինակազրկեն լրատվամիջոցների գործունեությունը ու այս ամենը, ըստ Սեյրանյանի, տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական խրախուսմամբ։
Սաթիկ Սեյրանյանի գնահատմամբ՝ այսօր լրագրողի աշխատանքը դժվար է նաև նրանով, որ չի կարող ապահովել երկու կողմից տեսակետ, քանի որ լրատվական ծառայությունները գրեթե չեն աշխատում, ֆեյսբուքյան գրառումներ են անում, անպատասխան են թողնում լրատվամիջոցների հարցումները կամ՝ շատ հաճախ կեղծ, սուտ ու ոչինչ չասող պատասխան են ուղարկում։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ իշխանություններն առավոտից գիշեր հենց իրենք են ստում, Հայաստանում կեղծ տեղեկություններ տարածողն այսօր իշխանությունն է՝ հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այն բոլոր արատվոր երևույթները, որ այսօր կան հանրային քաղաքական կյանքում, ուզած, թե չուզած, արտացոլվում են նաև մամուլում։ Հատկապես 2018 թվականից հետո մամուլն անընդհատ ստիպված է նրանով զբաղվել, որ բացահայտի այս կամ այն պաշտոնյայի՝ սկսած Փաշինյանից, տարածած սուտը, այնինչ, մամուլը կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ թեմաների կարող է անդրադառնալ։ ԱԺ ամբիոնից հնչում են ելույթներ, Հանրային հեռուստաընկերությամբ, իրենց ճեպազրույցներով հնչում են տեսակետներ, որոնք ամբողջությամբ կեղծիք են, ստացվում է՝ Հայաստանում առաջին «ֆեյք նյուզ» տարածողները Փաշինյանն է ու նրա թիմը, հետևաբար, մենք առավոտից իրիկուն պայքրում ենք «ֆեյք նյուզ» տարածողների դեմ», - նշեց Սեյրանյանը։
Նա լրագրողներին մաղթում է, որ լինեն ամուր, պինդ ու վճռական, մասնագիտական առումով խիզախություն ու պատասխանատվություն դրսևորեն, ինչպես անում են բոլոր ժամանակներում։
«Մաղթում եմ, որ իրենց առաքելությունն արժանապատվորեն կատարեն, պահպանեն մասնագիտական կանոնները, միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերեն, միմյանց ստեղծած բովանդակության նկատմամբ հարգանք դրսևորեն, փորձեն քաղաքացիներին հուզող խնդիրներին ավելի շատ տեղ տալ։ Հիմա դժվար է առանց էմոցիայի աշխատել, երբ գիտես, թե երկիրդ ինչ վտանգների ու արհավիրքների մեջ են քաշել, ինչ աղետների մեջ են շարունակում ներքաշել, հասկանում եմ, շատ դժվար է առանց էմոցիաների խոսել ու գրել, բայց պետք է կարողանանք զսպել, որոշակի սառնասրտություն ցուցաբերել»,- հավելեց Սաթիկ Սեյրանյանը։