16/10/2024 13:22
«Աղազարյանը միշտ անհարմար վիճակի մեջ է դնում, այդպես լիներ, պետք է դանակն առնեինք ու հետևից ընկնեինք»․ Քոչարյանն ասաց՝ Քյարամյանի պահվածքը խմբակցությունում կքննարկեն (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած անախորժության համար մեղադրեց լրատվամիջոցներին։
«Դուք՝ լրատվամիջոցներդ, վերցրեցիք այդ փոքր կտորը, ինչ երեկ տեղի էր ունեցել, այդ անախորժությունը և այդ 7 ժամից առանձնացրեցիք դա՝ մեր հասարակությանը հնարավորություն չտալով, որ վայելի կատարված աշխատանքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ, նրանք սկսեցին միմյանց վիրավորել ու քաշքշել:
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում Արգիշտի Քյարամյանի արձագանքին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ, ԱԺ-ն այն հարթակն է, ներկայացուցչական ամենաբարձր մարմինն է, ինչ ասես՝ կարող են խոսել, դուք ինձ ինչքան սուր հարցադրումներ եք անում․․․ կամ՝ ընդդիմադիրները։ ԱԺ-ն հարցեր բարձրացնելու տեղ է»,-ասաց նա և նշեց, որ պետք է խոսել, լսել և հակադարձել՝ առանց անձնական վիրավորանքների։
«Միջավայրը, պետական ընկալումները տղայական մոտեցումները մերժում են և դա է պատճառը, որ խոսվում է պետական ինստիտուտների կարևորության, նրա բարեվարքության և բազամթիվ այլ խնդիրների մասին։ Ես ուզում եմ դա տեսնել ուժային բոլոր կառույցներում և տեսնում եմ՝ բանակից սկսած»,-ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ ընդհանրապես նման կառույցի ղեկավարները՝ բոլորը, հատկապես ուժայինները, պետք է այդ բարեվարքությունն ունենան։ «Ինչու է այդ պահանջը դրված, հարգանքը, վերջիվերջո, Աղազարյանը նաև տարիքով է մեծ։ Աղազարյանն է, որ մեզ էլ առավոտից իրիկուն միշտ անհարմար վիճակների մեջ է դնում, այդպես լիներ, պետք է բոլորս դանակն առնեինք ու Աղազարյանի հետևից ընկնեինք, բայց այդպես չի լինում։ Պատգամավորն իր կարծիքն է արտահայտում, բայց երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման՝ իր տղայի հետ կապված քրեական հոդվածների լեզվով։ Ինձ համար դա ընդունելի չէ։ Պառլամենտն է մեր երկրի կայունություն ապահովողը»,-ասաց նա։
Նա նկատեց, որ խմբակցությունում այս հարցով քննարկում չի եղել, բայց այս հարցերին անպայման անդրադարձ կլինի։
Իսկ թե հետևանք կլինի՞՝ պատասխանեց, որ չի կարող ասել․«Եթե նայեք օրենքները, կտեսնեք՝ ինչ քննարկումներ կարող են լինել և որոշումները որտեղ են կայացվում»։