17/10/2024 22:00
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցած քննարկմանը ներկայացվել են Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունն ու դրա հետևանքները
Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Լորդերի պալատում տեղի ունեցած հանդիպմանն Արման Թաթոյանը և Գառնիկ Քերքոնեանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քնննարկման մասին հայտնում է հետևյալը․
«Փաստերով ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:
Փաստեր են ներկայացվել ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների եւ շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ:
Բարձրացվել է Արցախից հայերի բռնի տեղահանման փաստը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:
Ներկայացվել է մշակութային և կրոնական ժառանգությունը մտադրված ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը։
Ըննդգծվել է Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող եւ պատանդ պահվող մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտությունը:
Հանդիպմանը կարեւորվել է ադրբեջանական բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։
Քննարկմանը մասնակցել են նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանը, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»։