17/10/2024 23:36
Միայն նորմալ, իրական օրակարգով բանակցությունների արդյունքում է հնարավոր որոշել նոյեմբերի 9-ի փաստաթղթից ՀՀ ստորագրությունը հետ կանչել-չկանչելու հարցը․ Կարեն Բեքարյան
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրն ինքնանպատակ չէ, իսկ դրանից Հայաստանի ստորագրությունը հետ կանչել-չկանչելու հարցը արդյունավետ բանակցությունների արդյունքում պետք է որոշվի, հիմքում պետք է լինի ազգային-պետական շահը։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Երկրում պետք է լինի իշխանություն և այդ իշխանությունը պետք է նոյեմբերի 9-ի կողմերի հետ բանակցի. միայն բանակցության արդյունքը կարող է հանգեցնել որոշման՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթից ստորագրությունը հետ կանչել, թե ինչ անել։ Սա ճաշակի հարց չէ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ավիրված է կողմերի կողմից՝ թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի։ Որևէ պետության համար ինքնանպատակ չէ որևէ թղթից սորագրություն հետ կանչել-չկանչելու հարցը, դա պետք է ուղղակիորեն կապված լինի ազգային-պետական շահի հետ։ Պետք է ունենալ նորմալ բանակցություն՝ իրական օրակարգով, և այդ որակի բանակցության արդյունքը նոր միայն կբերի որոշման»,- ընդգծել է Կարեն Բեքարյանը։