17/10/2024 23:23
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը բոլորիս փակուղի է տարել՝ ջախջախելով Արցախի սուբյեկտայնությունն ու բանակցային գործընթացը․ Կարեն Բեքարյան
«Մեր պետության ծննդյան վկայականն Անկախության հռչակագիրն է, այն պարունակում է պահանջատիրության տարրեր և հնարավորությունների մասին է․ այլ է հարցը, թե դրանց կիրառելիությունը երբ կարող է լինել ակտուալ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը մեզ բոլորիս փակուղի է տարել․ նա, բառացիորեն խախտելով սահամանադրական կարգն ու սահմանադրությունը, Վերածննդի հրապարակում հայտարարել է՝ Արցախը Հայաստան է, ու վերջ՝այսպիսով ջախջախելով Արցախի սուբյեկտայնությունն ու բանակցային գործընթացը։ 2022 թվականին Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը, ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու էր Վերածննդի հրապարակում նման հայտարարություն արել, ասում է՝ հղում եմ արել Անկախության հռչակագրին։ Այդ նույն մարդը հետո գնում է Բրյուսել, Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում։ Հիմա հարց՝ Արցախը Հայաստան է և վերջ, որովհետև դու հղում ես անում Անկախության հռչակագրի՞ն, թե՞ Արցախը Ադրբեջան է, և վերջ, որովհետև հիմնվել ես Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետրի վրա․․․ Իսկ հիմա էլ ընդհանրապես հայտարարում է, թե մեզ Անկախության հռչակագիրը պետք չէ»,- ընդգծել է Կարեն Բեքարյանը։