17/10/2024 16:08
Ճամբարակում մշակութային կենտրոն կստեղծվի
Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոց 17/1 հասցեում գտնվող փորձարարական կենտրոնի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել Ճամբարակ համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով։
Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ Ճամբարակը համայնքը չունի մշակույթի կենտրոն, որը սկզբնական շրջանում կծառայի որպես ազգային նվագարանների դասավանդման կենտրոն, հետագայում ընդլայնելով գործունեությունը, կիրականացվի մշակութային բազմաբովանդակ միջոցառումներ։ Մշակութային կենտրոնը ֆինանսավորվելու է համայնքային բյուջեից, ինչը կլուծի երեխաների արտադպրոցական կրթության կազմակերպումը, ինչպես նաև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր:
Համայնքը նախատեսում է գույքի նվիրաբերությունը ստանալուց հետո 5 տարիների ընթացքում իրականացնել 15 մլն դրամի ներդրում՝ ընթացիկ վերանորոգման և գույքի պահպանության համար և 90 մլն դրամի ներդրում՝ մշակույթային կենտրոնի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար։