17/10/2024 11:43
ՀՀ բնակչության առաջնային խնդիրն է՝ ո՞նց անի, որ տղան չգնա բանակ. ՀՀ-ում բնակվող մարդն այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս թեմայով շատ քննակումներ են ունեցել։
«Բարեկեցության հարցը դիտարկելիս մենք պետք է նկատի ունենանք ինչպես կենցաղային բարեկեցությունը, այնպես էլ նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, նորմալ կոմունալ ծառայություններ ունենալը, առողջությունն ու առողջապահությունը, հնարավոր չէ բարեկեցություն պատկերացնել առանց կրթության»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ ժողովրդագրության համար շատ կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։
«Արտագաղթը Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ պրոբլեմն է, ինչքան էլ զավեշտալի թվա՝ այդ երևույթը բավարար չափով ուսումնասիրված չէ, որովհետև մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ու ի՞նչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ոնց անեի, որ իր տղան չգնա բանակ», - ասաց վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բարեկեցության մեջ մտնում է նաև ազատությունը։
Նա հայտարարեց, թե շատ հաճախ Հայաստանից արտագաղթում են սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, մեկն էլ այն պատճառով, որ խաշ կամ քյաբաբ չի սիրում, և այլն։
«Մենք այս թեմաների հետ, որ չառնչվենք, այդպես էլ չենք հասկանալու արտագաղթ երևույթը, մենք արտագաղթի մասին ամբողջական պատկերացում չունենք»,- նշեց նա։
Վարչապետն ընդգծեց՝ ժողովրդագրության անբաժան մասը նաև արդարությունն է։
«Ժողովրդագրությունը մեր բոլորի հավաքական գործունեության մասին է ու մեզնից յուրաքանչյուրի գործունեության որակն է կանխորոշում՝ ՀՀ-ում ժողովրդագրական բնույթի հարց կլինի՞, թե՞ չէ»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ Հայաստանում բնակվող մարդն այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չի տեսնում։