17/10/2024 17:13
Հակակոռուպցիոն կոմիտեն ՔՊ-ական պաշտոնյաների կոռուպցիան չի տեսնում․ Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․
«Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է միայն «նախկինների» կոռուպցիան, ՔՊ-ական պաշտոնյաների կոռուպցիան չի տեսնում։
Հոկտեմբերի 7-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ նրան առաջադրելով հետևյալ հարցերը՝
1․ ՀՀ հակակոռուպցոին կոմիտեն վարույթ հարուցե՞լ է Դիլիջան համայնքում հողերի օտարման նպտակով կայացած ձևական աճուրդների վերաբերյալ․ եթե այո, այդ ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ եք պարզել։
2․Հակառուպցիոն կոմիտեն ինչո՞ւ քննություն չի կատարում Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բազինյանի և վերջինիս կնոջ հարազատներին, բարեկամներին համայնքապետարանում աշխատանքի տեղավորելու մասին մամուլի բազմաթիվ հրապարակումների վերաբերյալ, որպեսզի պարզի՝ արդյոք համայնքապետի և նրա տեղակալի հարազատ-բարեկամները իրենց կրթությամբ, մասնագիտական որակներով համապատասխանո՞ւմ են այդ պաշտոններին, նրանց կողմից պաշտոններ զբաղեցնելիս պահպանվե՞լ են օրենքի պահանջները, ընթացակարգերը, չկա՞ կոռուպցիա։
3․ Դիլիջան համայնքում հասարակական կառուցապատման, բնակելի կառուցապտման հողամասերի ձևական աճուրդների հետևանքով համայնքի բյուջե չեն մտնում հարյուրավոր միլիոն դրամներ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս խնդրով զբաղվելու համար ի՞նչ ընթացակարգ է պահանջում։
4․ Դիլիջանի համայնքապետարանի գնումների մի զգալի մասը կատարվում է համայնքապետ Դավիթ Սարգսյանի և նրա տեղակալ Արման Բազինյանի եղբայրների անուններով գրանցված ընկերություններից։ Նման գնումները կոռուպցիա են պարունակում, ինչո՞ւ դրանք չեն դառնում Ձեր ղեկավարած կոմիտեի քննության առարկա։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունը հոկտեմբերի 10-ին ուղարկել է հետևյալ պատասխանը․ «Ի պատասխան Ձեր՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի հարցման` հայտնում ենք, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի վերաբերյալ մեկ քրեական վարույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով (ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մաս) ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, մեկ վարույթ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճվել է, իսկ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս և 314-րդ հոդվածի 1-ին մաս) առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված մեկ այլ վարույթով իրականացվում է նախաքննություն: Քրեական վարույթների վերաբերյալ այլ տեղեկություն չենք կարող տրամադրել:
Ինչ վերաբերում է հարցման մեջ նշված մյուս կետերին, ապա Ձեր նշած հանգամանքները կենթարկվեն ստուգման և քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայության դեպքում կկայացվի համապատասխան որոշում»:
2005-2021թթ․ Դիլիջան համայնքապետ պաշտոնավարած Արմեն Սանթրոսյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն վարույթներ է քննում, իսկ 2021թվականի փետրվարի 26-ից Դիլիջանը համայնքը ղեկավարող, ՔՊ կուսակցության ԴԻլիջանի կառույցի ղեկավար Դավիթ Սարգսյանի գործունեության մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն անցած 3,5 տարում կոռուպցիա չի տեսել ու չի քննել։ Սա նման է խտրական արդարադատության վերաբերյալ ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինիի հռչակած կարգախոսին՝ օրենքը մեր թշնամիների համար է, մերոնց ամեն ինչ կարելի է»։